Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Հերիք է, ինչքան հեղափոխություն խաղացինք»

«Հերիք է, ինչքան հեղափոխություն խաղացինք»
07.07.2009 | 00:00

«ԵՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴ ԵՄ»
Երևանի ավագանու ընտրությունից հետո հատկապես իշխող կուսակցության ցուցակով բավականին շատ մշակույթի գործիչներ, մտավորականներ համալրեցին քաղաքային իշխանության շարքերը։ Հասարակության մի հատվածն այս հանգամանքը միարժեք չգնահատեց։ Թեմայի շուրջ զրուցում ենք դերասան ՎԼԱԴԻՄԻՐ ՄՍՐՅԱՆԻ հետ, ով ևս ՀՀԿ ցուցակով դարձել է մայրաքաղաքի ավագանու անդամ։
-Դեռևս իր քաղաքապետության օրոք Երվանդ Զախարյանը Ձեզ Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց։ Այդ կոչմանը հավատարի՞մ որոշեցիք մասնակցել Երևանի ավագանու ընտրությանը։
-Ճիշտ է, արդեն պատվավոր քաղաքացի էի, երբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու առաջարկ ստացա և մեծ սիրով համաձայնեցի, որովհետև արդեն 20 տարի է` մայրաքաղաքին առնչվող շատ հարցեր ինձ վրդովեցնում են, իսկ հարցազրույցներով կամ հոդվածներով ողջ ասելիքս հնարավոր չէ տեղ հասցնել։ Մշակութային դաշտը մաքրելու, շտկելու անհրաժեշտություն կա, սակայն, ինչպես ասում են, ասողին լսող է պետք։ Ըստ երևույթին, սրանով էլ է հիմնավորված իմ մասնակցությունն ընտրությանը։
-Ասել է, խնդիրները բարձրաձայնելու համար Ձեզ ամբիո՞ն է հարկավոր։
-Չէ, ամբիոն միշտ էլ կա, պետք է հարցերին լուծումներ տալ։ Այսօր դեռևս լիովին այդ աշխատանքի մեջ չեմ, բայց առաջիկայում կանցնեմ կոնկրետ գործունեության, որպեսզի արդարացված լինի քաղաքային իշխանության մեջ իմ գտնվելը։ Երևանի հետ կապված ցավ, վիշտ, հոգսեր, մտահոգություններ, աղտոտված հոգևոր դաշտ. ահա սրանք էին, որ ինձ ու շատերին ստիպեցին համաձայնել առաջարկին։ Բարեփոխումներ են պետք, և մենք կկարողանանք նոր առաջարկություններ ներկայացնել։ «Ազատություն» բառն այսօր շատ սխալ ենք ընկալում, այն չի նշանակում սանձարձակություն, անարխիզմ, ինչ և ինչպես ուզենամ` կանեմ։ Մշակութային ոլորտը շատ է աղտոտված, պետք է այն մաքրել, հանդարտեցնել։ Այն մտավորականները, ովքեր ընտրվել են ավագանու կազմում, կկարողանան այս ամենի վրա ազդել, փոխել։ Նկատենք նաև, որ դեռևս բուն աշխատանքներին չանցած, արդեն հեռուստաընկերություններում դրական շարժ կա, քանի որ զգում են` հարձակում է լինելու, եթե վատ, անորակ հաղորդումներ եթեր տրվեն։ Իհարկե, մենք իրավունք չունենք ոչ մի հեռուստաընկերության արգելել այս կամ այն հաղորդումը հեռարձակել, սակայն կարող ենք ասել` պարոն տնօրեն, ձեր հեռուստաընկերությամբ այս-այս հաղորդումներն են ցուցադրվում, որոնք մեր երեխաներին փչացնում են, մտածեք դրա մասին։ Ե՛վ թատրոնի, և՛ կինոյի, և՛ երաժշտության ոլորտում, կարծում եմ, կկարողանանք ճիշտը մատուցելու խնդիր լուծել, որովհետև այս դաշտը բարձիթողի է մեր իսկ պատճառով։ Մարդիկ տրված ազատությունը շահագործում են, անհիմն վաստակավոր կոչումներ տրվեցին։ Չես հասկանում` ի՞նչ է արել այդ մարդը, ընդամենը մի երգ է երգել, բայց դրա համար կոչում չեն տալիս։ Վաստակավորի կոչմանն արժանանում է այն մարդը, ով պետության համար մեծ արժեք է ստեղծում, այլ ոչ թե մի քանի երգ է երգում, այն էլ` վատ։ Շատ է էժանացել կոչումների շնորհումը։ Չնայած Սերժ Սարգսյանի շնորհած վերջին կոչումները, որոնք բավականին քիչ էին, ճիշտ հասցեատերեր ունեցան։ Չի կարելի շռայլորեն կոչումներ բաժանել։ Ես կուսակցական չեմ ու երբեք էլ չեմ եղել, սակայն սա չի նշանակում, որ պետք է անտարբեր լինեմ հասարակությանը հուզող երևույթների հանդեպ։
-Ինչո՞ւ նախընտրեցիք հանրապետական կուսակցությունը։ Եթե այլ կուսակցություններից առաջարկ ստանայիք, կընդգրկվեի՞ք նրանց ցուցակում։
-Առաջարկը եղել է հենց հանրապետական կուսակցությունից, ու ես ընդառաջ գնացի դրան։ Կասեք` իսկ ինչո՞ւ ընդդիմադիր քաղաքական ուժի չմիացա։ Որովհետև համաձայն չեմ նրանց տեսակետներին։ Ես կառուցողական մարդ եմ, հեղափոխական մտքեր ինձ մոտ չեն առաջանում։ Հերի՛ք է ինչքան հեղափոխություն խաղացինք։ Բավակա՛ն է։ Հիմա հարկավոր է հանգստանալ։ Իհարկե, կուզենայի դրական փոփոխություններն արագ կյանքի կոչվեին, բայց, թեկուզ դանդաղ քայլերով պետք է առաջ գնալ։ Սա ամենևին չի ենթադրում, որ խնդիրներ չկան, հակառակը, շատ են, ու պետք է դրանք լուծել։ Չտեսնել լավն ու ամեն ինչ սևով ներկայացնել, ընդունելի չէ, բայց որ ավելի շատ լավն է պետք տեսնել, դրանում համոզված եմ։
-Այն պահից սկսած, երբ որոշ մշակույթի գործիչներ կանգնեցին իշխանության թեկնածուի կողքին, նրանց հասցեին սկսեցին լուտանքներ տեղալ։ Ինչպե՞ս եք բացատրում այս հանգամանքը, ինչո՞ւ են իշխանական ճամբարում հայտնվող մտավորականները նման վերաբերմունքի արժանանում։
-Սխալ կարծիք է, որ արվեստագետը չպետք է լինի իշխանավորի կողքին։ Այո, իմ արվեստում ես ընդդիմադիր մարդ եմ ու, իսկապես, արվեստագետը պետք է լինի անաչառ։ Բայց ես ընդդիմադիր չեմ ուզում լինել, քանի որ ընդդիմադիր են դառնում ոչ թե զարգացումները դեպի լավն ուղղորդելու համար, ընդամենը պաշտոնի կռիվ է` էսօր դու, վաղը` մենք։ Ես պետության մարդ եմ։ Ինձ համար թանկ է «պետություն» և ոչ թե «իշխանություն» հասկացությունը։
-Ընդունված է այն տեսակետը, թե արվեստագետը, ստեղծագործողը պետք է ընդդիմադիր լինի։ Եթե այս բանաձևը տեղափոխենք քաղաքական դաշտ, այսօր Դուք ճի՞շտ բևեռում եք։
-Ես կողմ եմ, որ եթե կան խնդիրներ, պետք է դրանք բարձրաձայնել, այսինքն, եթե ՀՀԿ-ի ցուցակով եմ ընտրվել ավագանու անդամ, դա ինձ չի խանգարի, որ նույնիսկ իրենց դուր չեկող հարցերի մասին խոսեմ, որովհետև հենց դրա համար եմ այնտեղ։ Բոլոր ցավոտ հարցերը պետք է վեր հանել։ Տվյալ պարագայում, ավագանու կազմում ներկա բոլոր մտավորականներն իրենց մտածելակերպով ընդդիմադիր դիրքերից են հանդես գալիս։ Հարկավոր է կրթական բարեփոխումներ իրականացնել։ Թող այդ սերիալները լինեն, բայց դրանց սցենարն ավելի խոր լինի, իսկ հերոսները` օրինակելի, երգիչ-երգչուհի-աստղիկներն այդքան շատ չլինեն։ Եթե ձայն չունեն, վառ անհատականություն չեն, միայն մլավում են, թող գնան իրենց ծնողների, հարևանների մոտ մլավեն, ինչո՞ւ են եթեր դուրս գալիս։ Հումորն էլ գոտկատեղից ներքև է։ Մշակութային աղբը շատացել է։ Այս բնագավառում խնդիրները շատ-շատ են։ Բարձրարժեք արվեստը միայն զվարճանք չէ, այն նաև դաստիարակող, ուղղորդող ու այլ դեր ունի։ Արվեստը երբեք չպետք է գնա ամբոխի հետևից, հակառակը։ Եթե ժողովրդին բարձր արվեստ մատուցես, նա վաղը դա կպահանջի, իսկ եթե ցածրն ես տալիս, բնականաբար, պահանջարկը նույնն է լինում, ինչն էլ կամաց-կամաց վերածվում է չափանիշի։ Պետք է կարողանանք հետևել, որ արժեքավորը պահպանվի, փոխվի բարոյահոգեբանական մթնոլորտը։ Մենք իրավունք չունենք իրար խեթ-խեթ, չարացած նայելու։ Պիտի, եղբայր, բարիանանք, չի կարելի անընդհատ «պայքար, պայքար մինչև վերջ» գոռալ։ Ինչքա՞ն կարելի է պայքարել։ Հարկավոր է խաղաղվել, ստեղծագործել, ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով, իր ոլորտով։ Յուրաքանչյուրս պետք է սկսենք ինքներս մեզանից, մեր տնից, բակից։ Լինելով մշակութային ազգ` հայերս շատ բաներ մոռացել ենք` սկսած մեր պահվածքից։ Անընդհատ ասում են` ինչո՞ւ են մտավորականները եկել քաղաքապետարան։ Եղբայր, երբ մեր խորհրդարանն օլիգարխներով ու չգիտեմ ինչերով է համալրված, ասում են` ի՞նչ գործ ունեն նրանք երկրիս օրենսդիր մարմնում։ Հիմա մտավորականներ են ընդգրկվել քաղաքի կառավարման մարմնում, և, ուրախանալու փոխարեն, որ վերջապես առանց փողի ընտրված մտավորականներ են ավագանիում, էլի ասում են` ինչո՞ւ են եկել։ Լավ էլ արել են, որ եկել են։ Անտարբեր չեն ուզում լինել։ Ամեն հայ մարդ մտածում է, թե իրենից հետո ինչ է թողնում։ Ես իմ արվեստով ինչ-որ բան թողնում եմ, բայց ուզում եմ նաև իմ քաղաքի` Երևանի համար ինչ-որ լավ բան թողնել։
-Որպես դերասան` ավագանիում ի՞նչ եք անելու կոնկրետ թատրոնի համար։
-Իհարկե, այստեղ էլ բարեփոխումների անհրաժեշտություն կա։ Դերասանը շատ հետ մղված ու անպաշտպան խավ է։ Բողոքի ակցիաներ չեն անում, բայց ամենախղճուկ վիճակում են։ Սա է, թերևս, պատճառը, որ շատերն այսօր սերիալներում են նկարահանվում, չնայած այստեղ էլ մեծամասնությունը ոչ թե դերասաններ են, այլ փողոցից բռնած մարդիկ։ Դրա համար էլ սերիալներն այս մակարդակի են։ Թատրոնները պետք է իրար նման չլինեն, նոր ձևեր, մոտեցումներ են հարկավոր։ Ոչ բոլոր թատրոնները պետք է լինեն պետական հովանավորության ներքո, անհրաժեշտ են նաև մասնավոր թատրոններ։
-Ինչո՞ւ ավագանու նիստերը փակ են լրագրողների համար։ Հետաքրքիր է` ի՞նչ խորհրդավոր հարցեր են քննարկվում «խորհրդավոր ընթրիքի» սեղանի շուրջ։
-Դեռ կազմակերպչական հարցեր են քննարկվում։ Այդ ամբողջ խոհանոցը, կարծում եմ, հետաքրքիր էլ չէ, որ ներկայացվի։ Մենք պետք է շատ բաց, թափանցիկ աշխատենք, քանի որ թաքցնելու ոչինչ չունենք։
-Որպես զրույցի ամփոփում, հայ թատերասեր հասարակությունը մեկընդմիշտ կորցրե՞ց բոլոր ժամանակների իր Պագանինիին։
-Չի կորցրել։ Ես կրկին ստեղծագործում եմ։ Վերջերս Սանկտ Պետերբուրգում մի ներկայացում բեմադրվեց, որի գլխավոր դերակատարն էի, և այն մրցանակ ստացավ։ Սերիալում չեմ նկարահանվում, բայց եթե երիտասարդ ռեժիսորն է ինձ հրավիրում ֆիլմում նկարահանվելու, համաձայնում եմ, քանի որ հետաքրքիր է նոր մոտեցումներ ունեցող երիտասարդների հետ աշխատել։ Երբեք չեմ կորցնում հետաքրքրությունը կինոարվեստի նկատմամբ։ Հաջորդ տարվա հունվար-փետրվարին նոր ներկայացում կբեմադրվի` իմ տարիքի դերասանի մասին, ինչպես է նա մտածում, ապրում... Այնպես որ, ճիշտ չէ մտածել, թե դարձել եմ ավագանու անդամ ու խաչ եմ քաշել իմ ստեղծագործական գործունեության վրա։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Լուսանկարը` Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2003

Մեկնաբանություններ